Mig TVR
”ԼՈՌՈՒ ՄԻԳ” ՍՊԸ-ի ստեղծման հիմքը հանդիսացել է 1989 թ.-ին Սամվել Հարությունյանի սեփական տանից ընդամենը “3 տեսաերիզ վարձույթով տալու” ծառայությունը: 1990 թ.-ից “Անհատ Ձեռներեցի” կարգավիճակով ծավալվել է տեսամագնիտոֆոնների և տեսաերիզների վարձույթի սպասարկման գործունեություն: Սկզբնական շրջանում` 1991 թ.-ից գործել է կաբելային “Ինտերկապ” ՀԸ, այնուհետև` 1992թ.-ից անցել է եթերային հեռարձակման: 2005 թ.-ից եթերային անվանումը “ՄԻԳ” ՀՌԸ է: Իր գործունեության տարիների ընթացքում ստեղծել է 300-ից ավելի բազմաթիվ հեռուստառադիո հաղորդումներ և հաղորդաշարեր, տպագիր հոդվածներ: "ԼՈՌՈՒ ՄԻԳ" ՍՊԸ իր գործունեության 20 տարիների ընթացքում պատրաստած հեռուստառադիոարտադրանքը հեռարձակվել է ոչ միայն Վանաձոր քաղաքում, այլև նրա սահմաններից դուրս: Իր գործունեության առաջին իսկ օրերից մեր հեռուստաընկերությունը նվաճել է հեռուստադիտողների համակրանքն ու վստահությունը: Ընկերության համար գործունեության առաջին տարիները չափազանց դժվար էին՝ տեխնիկական թերի զինվածություն, արհեստավարժ մասնագետների և համապատասխան իրավական դաշտի բացակայություն, չձևավորված գովազդային շուկա, էլեկտրոէներգիայի հովհարային անջատումներ, երկրաշարժի հետևանքով երկհարկանի կիսավթարային մասնաշենք ... 1992թ.-ից Ընկերության աշխատակիցներ ուղևորվել են եվրոպական 14 երկրներ: Անվարձահատույց, մասնակցելով միջազգային բարեգործական բազմաթիվ ակցիաների, կապեր են հաստատվել տեղի հայկական համայնքների մշակութային օջախների հետ, նկարահանվել են նրանց եւ տվյալ երկրների մասին պատմող բազմաթիվ տեսաֆիլմեր: 1995թ. համագործակցություն հաստատվեց "Ինտերնյուս" ՀԿ-ի հետ, Ինտերկապ՚ ՀԸ-ն անդամակցեց Միջազգային և Հայաստանի անկախ հեռուստացանցին: 1997թ.-ից Ընկերության աշխատակիցները մասնագիտական վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, Եվրոպայում և ԱՊՀ երկրներում: "ԼՈՌՈՒ ՄԻԳ" ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր լրատվամիջոցներից է: Հիմնադիր՝ տնօրեն Սամվել Հարությունյան: -1991թ.-ին Ընկերությունը հիմնադրել է "Վանաձոր Ինտերկապ" հեռուստաստուդիան: -1996թ.-ին Ընկերությունը հիմնադրել է "Եթերում է Ինտերկապը" շաբաթաթերթը: -1998թ.-ին Ընկերությունը հիմնադրել է "Ռադիո Ինտերկապ" ռադիոստուդիան: -2005թ.-ին "Հեռուստառադիո Ինտերկապ" վերանվանվեց "ՄԻԳ" հեռուստառադիո ընկերության: -2004թ.-ին Ընկերությունը հիմնադրել է "ՄԻԳ մեդիա սերվիս" գովազդային գործակալությունը: -2005թ.-ին Ընկերությունը հիմնադրել է "ՄԻԳ ՌԵՔՈՐԴՍ" ձայնագրման ստուդիան: